Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 4 » Հենրիխ Մխիթարյան. «Բորուսսիան» այն թիմն է, որտեղ կարող եմ զարգանալ
23:52
Հենրիխ Մխիթարյան. «Բորուսսիան» այն թիմն է, որտեղ կարող եմ զարգանալ
Հենրիխ Մխիթարյան. «Բորուսսիան» այն թիմն է, որտեղ կարող եմ զարգանալՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպանը «Welt am Sonntag»-ին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլային Գերմանիան Անգլիայից նախընտրելու, գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և այլնի մասին:

Հենրիխ Մխիթարյանի հերթական հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար:

-Պարոն Մխիթարյա'ն, ինչպե՞ս է աշխատում Ձեր զարկերակը հանգիստ իրավիճակներում:

-Իմ զարկերա՞կը: Ես բաց կթողնեմ այս հարցը: Այն ավելի լավ կլինի ուղղեք մեր բժիշկներին:

-Դա հարցնում ենք, քանի որ մեզ համար հիանալի է թվում Ձեր՝ ամբողջ խաղադաշտով կատարած անցումից հետո թիմակցին տված փոխանցումը:

-Երբ ամեն բան ստացվում է, ստացվում է նաև իմ խաղը: Ես անընդհատ շարժման մեջ եմ, քանի որ ցանկանում եմ լավագույնս օգնել իմ թիմին: Վճռորոշ է այն դրվագը, երբ պետք է գտնես ճիշտ ակնթարթը և կատարես լավ փոխանցում:

Օրինակ՝ «Շտուտգարտի» դեմ ուրբաթ օրը կայացած խաղում ես տեսա, որ Ռոբերտ Լևանդովսկին ազատ տարածություն է նախապատրաստում Յակոբ Բլաշչիկովսկու համար. այդ պահին ես գիտեի՝ որ ուղղությամբ պետք է խաղայի: Նման հնարավորությունները բաց չթողնելու համար, պետք է միշտ ուշադիր լինես, անգամ արագացումների ժամանակ:

-«Բորուսսիա» տեղափոխվելուց հետո վերջին երեք հանդիպումները, հավանաբար, լավագույնն էին Ձեզ համար: Արդեն լիովին հարմարվե՞լ եք Բունդեսլիգային:

-Ես փորձում եմ բարելավվել խաղս: Այն, ինչ արել եմ այս երեք խաղերի ժամանակ, ինձ համար արդեն անցյալ է, պատմություն: Այժմ ես պետք է մտածեմ ապագայի մասին՝ չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի շրջանակում մենք մրցելու են «Արսենալի» դեմ. ես պետք է լիովին պատրաստ լինեմ: Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի յուրաքանչյուր խաղի հետ զարգացում ապրել: Ես ցանկանում եմ օգնել թիմին:

-Ինչու՞ տեղափոխվեցիք «Բորուսսիա»: Լավ առաջարկներ ունեիք նաև Անգլիայից:

-Այո, ես կարիերաս այլ ակումբներում շարունակելու շատ տարբերականեր ունեի, բայց ընտրեցի Դորտմունդը, քանի որ ինձ դուր է գալիս այս թիմի ցուցադրած խաղը: Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» կազմում ես խաղացել եմ «Բորուսսիայի» դեմ, դիտել եմ թիմի մասնակցությամբ խաղերը: «Բորուսսիան» ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, այլև ֆուտբոլ, որը հարմար է ինձ: Ես մտածում էի՝ սա այն թիմն է, որտեղ կարող եմ զարգացում ապրել:

-Ձեր տրանսֆերային արժեքը կազմում էր 27,5 մլն եվրո, սակայն ինքներդ կարող էիք ավելի շատ վաստակել, եթե տեղափոխվեիք Անգլիա:

-Այո, հնարավոր է: Սակայն ֆուտբոլում գումարն այդքան էլ նշանակություն չունի: Իհարկե, խոսքը նաև աշխատավարձի մասին է: Ինձ համար այս ամենն առաջին տեղում չէ, քանի որ առաջին տեղը միայն ֆուտբոլի համար է: Ես սիրում եմ ֆուտբոլը, մտածում եմ ֆուտբոլի մասին, զգում եմ ֆուտբոլը: Եվ եթե լավ եմ կարողանում խաղալ, ապա գումար եմ ստանում: Ես Դորտմունդ եմ տեղափոխվել խաղալու համար, ոչ թե պահեստայինների նստարանին լինելու համար:

-Դուք Ձեր մանկությունն անցկացրել եք Ֆրանսիայում, որտեղ Ձեր հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հենց ա՞յդ ժամանակ է առաջացել պրոֆեսիոնլ դառնալու Ձեր ցանկությունը:

-Այո, իմ հայրը խաղացել է այնտեղ: Մենք Ֆրանսիայում ապրել ենք 7 տարի: Երբ հայրս հիվանդացավ, վերադարձանք Հայաստան:

-Հետո Ձեր հայրը մահացել է 1996 թվականին՝ գլխի քաղցկեղի պատճառով...

-Ֆրանսիայում ապրելու տարիները ես դեռ լավ եմ հիշում: Երբ հայրս գնում էր մարզումների, կանգնում էի դռան մոտ և հարցնում՝ կարո՞ղ է ինձ էլ իր հետ վերցնել: Երբեմն նա այդպես էր անում, երբեմն՝ ոչ: Նա անհանգստանում էր, որ մարզումների ժամանակ ես կարող է ինչ-որ բան անել:

Իսկ Հայաստան վերադառնալուց հետո նրան ասացի, որ ցանկանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Այդ ժամանակ դա ռիսկային նպատակ էր, քանի որ ես շատ փոքրիկ էի Մարդիկ ասում էին՝ «Այո, նա լավ տեխնիկա ունի, բայց շատ մանրիկ է»: Ցավոք, հայրս չտեսավ, որ ես իրոք հասա իմ նպատակին:

-Ձեր հայրն օրինա՞կ էր Ձեզ համար:

-Կարծում էի՝ պարզապես շարունակելու եմ նրա աշխատանքը: Բացի այդ մեր տանը ֆուտբոլը միշտ եղել է խոսակցությունների գլխավոր թեման: Մայրս դեռևս այն ժամանակ աշխատում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, տարիներ հետո նաև քույրս, ով հիմա ՈւԵՖԱ-ում է աշխատում: Եվ հիմա, երբ ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, մենք ունենք մաքուր ֆուտբոլային ընտանիք:

-Շատ գերմանացիներ քիչ տեղեկություններ ունեն Ձեր հայրենիքի մասին, քանի որ անկախ Հայաստանը Ձեզանից փոքր է:

-Այո, 22 տարեկան է, բայց մենք հնագույն ժողովուրդ ենք՝ հնագույն մշակույթով: Աշխարհում առաջինը մենք ենք ընդունել քրիստոնեությունը, և դա մեծ հետք է թողնում Հայաստանի վրա: Մեր երկրում կան նաև որոշ սոցիալական խնդիրներ՝ միջին աշխատավարձը երբեմն չի բավականացնում սննդի, հագուստի կարիքները հոգալու համար:

-Երեք անգամ դարձել եք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ձեզ զգու՞մ եք ազգի հերոս:

-Ոչ, բնականաբար ոչ: Ես պարզապես մի տղա եմ: Ինձ երբեք թույլ չեմ տվել երազել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման մասին: Փողոցներում ինձ ճանաչում են, ինքնագրեր խնդրում: Մեծ սիրով դրանք տալիս եմ, քանի որ դա ֆուտբոլիստի կյանքի մի մասն է: Եթե դա երջանկություն է պատճառում մարդկանց, ապա երջանիկ է դարձնում նաև ինձ, սակայն աստղ ինձ չեմ զգում:

-Դորտմունդում Ձեզ հայրենիքից ինչ-որ բան չի՝ բավականացնում:

-(ծիծաղում է): Ոչ, այս պահին՝ ոչ. մայրս և քույրս հյուր են եկել:

-Ձեր սենյակի ընկերը՝ Կևին Գրոսկրոյցն արդեն ասե՞լ է, թե ինչ է նշանակում լինել «Բորուսսիայի» ֆուտբոլիստ:

-Այո, չէ՞ որ նա ծննունդով հենց Դորտմունդից է և ապրում է հանուն իր ակումբի: Օրինակ՝ նա արդեն ինձ պատմել է «Շալկեի» մասին: Ասել է, որ դերբին կարևորագույն խաղն է, և դա ճիշտ է. աննկարագրելի մթնոլորտ էր, նման բան ես դեռ չէի տեսել: Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ դերբիում:

-Բացի այդ վերջին տարիներին «Բորուսսիան» դարձել է «Բավարիայի» ամենալուրջ մրցակիցը: Ըստ Ձեզ, թիմերի միջև տարբերությունները մե՞ծ են:

-Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին և մարզիչներին՝ ոչ: Ինչ վերաբերում է խաղային փիլիսոփայությանը, ապա տարբերություններ կան: «Բավարիան» խաղն առաջին հերթին կարճ փոխանցումներով է կառուցում, ժամանակի մեծ մասը նրանք գնդակով են: Մենք բոլորովին այլ ֆուտբոլ ենք խաղում՝ երբեմն հարձակվողական, երբեմն ուժեղ պրեսինգով, երբեմն հակագրոհներով:

-Այս մրցաշրջանում ակումբի հետ Բունդեսլիգայում ինչի՞ եք ցանկանում հասնել:

-Եթե պետք է այդպես լիներ, ապա նախորդ մրցաշրջանի նման «Բավարիային» միավորներով շատ չզիջել, բայց, բնականաբար, «Բորուսսիայի» հետ ցանկանում եմ տիտղոս նվաճել:

-Մրցաշրջանից առաջ բոլոր փորձագետներն ասում էին, որ Գերմանիայում «Բավարիայից» բացի այլ չեմպիոն չի կարող լինել:

-Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու ենք յուրաքանչյուր խաղում հաղթանակ տոնելու համար: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից:

-Պարզ երևում է, որ Դորտմունդում Դուք արդեն սովորել եք նման հարցերի պատասխանել:

-Իսկ ի՞նչ պետք էի ասեի: Եթե ասեմ, որ չեմպիոն ենք դառնալու, իսկ վերջում չստացվի, բոլորը կասեն՝ ես գլուխգովան եմ:

-Այդ պարագայում, Դուք կարծու՞մ եք, որ «Բորուսսիան» Չեմպիոնների լիգայում կարող է հիմնվել նախորդ մրցաշրջանի հաջողության վրա:

-Այն, ինչ տղաներն արեցին նախորդ մրցարջանում, մի փոքր անսովոր էր: Այժմ մենք բավականաչափ ուժեղ խումբ ունենք, սակայն մեր առջև նպատակ ենք դնելու հաղթելու յուրաքարչյուր խաղում: Իհարկե, մեծ սիրով կփորձենք կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները, բայց առաջին հերթին պետք է հաղթենք տնային խաղերում:

-Դասվում է արդյոք «Բորուսսիան» Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտների թվին:

-Այս մրցաշարում ինձ համար ֆավորիտներ չկան: Սա այն մրցաշարն է, որտեղ ամենաքիչը պետք է սխալներ թույլ տաս, քանի հարցը ոչ միայն խաղի որակն է, այլև կայունությունը:

-Այս շաբաթ լավ նորություն ունեինք. Յուրգեն Կլոպը մինչև 2018 թվականը երկարաձգեց պայմանագիրը:

-Ո՞վ է ասում, որ դա լավ նորություն է (ծիծաղում է): Եթե լուրջ, դա իրոք հրաշալի նորություն է, քանի որ նրա հետ աշխատանքն իսկապես հաճույք է պատճառում: Ուրախություն է պատճառում նրա հետ պարզապես զրուցելը: Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ և մեծագույն մարդ է:

allsport.am
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]