21:12 Ո՞վ կփոխարինի սըր Ալեքսին | |
Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթր Յունայթեդից» հեռանալու լուրը որքան էլ ակնկալելի, սակայն՝ անսպասելի էր: Շատերի համար Ֆերգյուսոնը «ՄՅու»-ի հոմանիշն է, առանցնքն ու հիմքը: Ու այժմ եվրոպական ֆուտբոլային մամուլին հետաքրրքող կարևորագույն հարցը այն է, թե ով, այնուամենայնիվ, «Մանչեսթրի» ղեկին կփոխարինի «անփոխարինելի» Ֆերգյուսոնին: Բուքմեյքերները շուրջ 30 մարզչի թեկնածություն են առաջարկում, սակայն առավել հավանական են համարվում 3-ը: Ամենահավանական թեկնածու է համարվում «Էվերթոնի» ներկայիս մարզիչ Դևիդ Մոյեսը, ով նույնպես շոտլանդացի է ու արդեն 11 տարի է, ինչ գլխավորում է լիվերպուլյան թիմը: Նա էլ Ֆերգյուսոնի պես այնմարզիչների թվին է դասվում, որոնց հատուկ չէ ամեն տարի նոր թիմ փնտրել, պարբերաբար աշխատավայր ու աշխատելաոճ փոխել: Սակայն Մոյեսը առ այսօր չի գլխավորել «ՄՅՈւ»-ի պես գերակումբ, ինչը որոշակի պատասխանատվություն ու ուժ է ենթադրում, մանավանդ որ՝ սկզբնաշրջանում բոլորը նոր մարզչին համեմատելու են հենց Ֆերգյուսոնի հետ: Թեկնածուների թվում երկրորդը «Ռեալի» այժմյան գլխավոր մարզիչ, Ֆերգյուսոնի ընկեր Ժոզե Մոուրինյոն է, ով Անգլիայում աշխատել է՝ «Չելսին» գլխավորելու տարիներին: Ասում են՝ Մոուրինյոն շատ վաղուց է երազել՝ փոխարինել Ֆերգյուսոնին թիմի ղեկին: Սակայն, այժմ պորտուգալացու կերպարը հետաքրքրում է նաև իր նախկին ակումբին, ու անձամբ Մոուրինյոն էլ կարծես դեմ չէ: Ինչպիսի զարգացում կունենա Մոուրինյոյի երազանքը՝ պարզ կդառնա մոտ օրերին: Ի դեպ, ի տարբերություն նույն Ֆերգյուսոնի ու նախորդ թեկնածու Մոյեսի՝ Մոուրինյոն «երկարաժամկետ» մարզիչներից չէ: Ու հարց է դեռ՝ Ֆերգյուսոնի դասերը քաղած «Մանչեսթրը» կցանականա՞ իր ղեկին ժամանակավոր ղեկավար տեսնել: Երրորդ թեկնածուն, ում շանսերը բուքմեյքերները բավական մեծ են գնահատում, Դորտմունդի «Բորուսիայի» ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպպն է: Գերմանացի մասնագետն արդեն 5 տարի է աշխատում «Բորուսիայում», ու, ինչպես ցույց տվեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը, այս տարիների ընթացքում կարողացել է երիտասարդ ֆուտբոլիստներից մարտունակ թիմ ստեղծել: Այժմ, անկախ ՉԼ եզրափակիչ խաղի արդյունքից՝ Կլոպպը Եվրոպայում ամենապահանջարկված մարզիչների շարքում է: Կվստահվի՞ նրան «Մանչեսթր Յունայթեդը»՝ պարզ կդառնա եզրափակչից հետո: Մինչ այդ Կլոպպը ոչ մի առաջարկ չի քննարկելու ոչ մի այլ բանի մասին չի մտածելու: Մտածելու բարդ գործն այժմ միայն մանկունիացիների երկրպագուների բաժինն է: Չէ՞ որ մի քանի սերունդ Ֆերգյուսոնից բացի ոչ ոքի չի տեսել ու չի էլ պատկերացնում, որ խաղադաշտի եզրագծին այլ մեկը կկանգնի՝ առանց շոտլանդացուն հատուկ վարվելաձևի և մաստակի: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |