20:48 ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆ. ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ ՀԵՆՐԻԽՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԽԱՂԱ, ՔԱՆ ՇԱԽՏՅՈՐՈՒՄ | |
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Ֆուտբոլիստն իրեն լավ է զգում, բայց ամբողջական վերականգնման համար դեռ ժամանակ է հարկավոր: Armsport.am-ը զրուցել է Մկոյանի հետ: - Հրայր, վնասվածքը դեռ անհանգստացնո՞ւմ է Ձեզ: - Դեռ ցավեր ունեմ, բայց դա ինձ չի խանգարում մարզվել: Վազելու ընթացքում և գնդակին դիպչելիս՝ ցավ չեմ զգում, չնայած դեռ ամբողջ թափով չեմ մարզվում: Հուլիսի 12-ին պետք է «ռենտգենով» հետազոտվեմ և ոտքերիս նկարն ուղարկեմ Գերմանիա՝ իմ բժիշկին, ով վերջնականապես կասի, արդյո՞ք ամբողջովին կարող եմ մասնակցել մարզումներին: - Որտե՞ղ եք շարունակելու Ձեր կարիերան, երբ ամբոջովին ապաքինվեք: -Ես առաջարկ ունեմ արտերկրից և կգնայի, եթե չլիներ վնասվածքս: Առաջարկ ունեմ նաև Հայաստանից: Հնարավոր է, մի որոշ ժամանակ հանդես գամ Բարձրագույն խմբում, հետո նոր մեկնեմ արտերկիր: - Ձեր նախկին թիմը՝ «Շիրակն» այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնեց Սան Մարինո, որտեղ պետք է վաղը պատասխան հանդիպումն անցկացնի «Տրե Պենեի» հետ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը՝ «Շիրակի» հեռանկարի մասին՝ Չեմպիոնների լիգայում: -«Տրե Պենեի» հետ պատասխան խաղի առումով՝ ոչ մի կասկած չունեմ, որ գյումրեցիները վստահ հաղթանակ կտանեն: Իսկ, ահա, հաջորդ փուլում, «Շիրակին» ավելի լուրջ մրցակից է սպասվում: Ես տեսել եմ «Պարտիզանի» խաղը 2010 թվականին, երբ Սերբիայի չեմպիոնը Երևանում խաղում էր «Փյունիկի» հետ: Սա շատ ուժեղ թիմ է, և «Շիրակի» համար բարդ է լինելու: Կարծում եմ, գյումրեցիները կարող են արդյունքի հասնել միայն թիմային խաղի շնորհիվ: - Այսօր Եվրոպա մեկնեց հավաքականի Ձեր թիմակիցը ՝ Հենրիխ Մխիթարյանը, ով պետք է պայմանագիր ստորագրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղափոխությունը: -Ես շատ ուրախ եմ Հենրիխի համար, որ նա ճիշտ ընտրություն կատարեց: Ինձ դուր է գալիս «Բորուսիայի» խաղը, հաճախ եմ հետևում նրանց մրցավեճերին: Կարծում եմ, Հենրիխը «Բորուսիայում» ավելի լավ կխաղա, քան «Շախտյորում»: Կեցցե ինքը, նա արժանի է լավագույնին: Նրան հաջողություն եմ ցանկանում նոր թիմում: Armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |