00:48 Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ եզրափակիչ | |
Դոտմունդի «Բորուսիան» դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում 1997թ. Չեմպիոնների լիգայի գավաթակիրը պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ռեալին»: Դորտմունդում կայացած առաջին խաղն ավարտվել էր «Բորուսիայի» հաղթանակով՝ 4:1, իսկ պատասխան մրցավեճում «Ռեալը» հաղթեց պարտությանը հավասար 2:0 հաշվով: Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղի մեկնարկային 15 րոպեներին Ժոզե Մոուինյոյի թիմը կարող էր վերականգնել 3 գնդակի տարբերությունը, սակայն Գոնսալո Իգուաինը, Կրիշտիանու Ռոնալդուն ու Մեսութ Օզիլը չկարողացան գրավել «Բորուսիայի» դարպասն՝ ունենալով 100 տոկոսանոց գոլային պահեր: Առաջին խաղակեսում Արքայական ակումբը բացահայտ առավելություն ուներ: Դորտմունդցիների պաշտպանները մեծ ճնշման պատճառով հաճախ էին սխալվում, բայց դաշտի տերերը չէին կարողանում օգտվել այդ սխալներից: Ընդմիջումից հետո պատկերը փոխվեց: «Ռեալի» գրոհները խամրեցին եւ գոլային պահեր ստեղծվում էին Դիեգո Լոպեսի դարպասի մոտ: Երկրորդ խաղակեսի սկզբնումասում «Բորուսիային» կարող էր առաջ մղել առաջին խաղում պոկերի հեղինակ դարձած Ռոբերտ Լեւանդովսկին, ով վրիպեց հարմար դիրքից: Րոպեներ անց Լեհաստանի հավաքականի հարձակվողը եւս մեկ գոլային պահ ունեցավ, բայց նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Ժամանակն անցնում էր, իսկ մադրիդցիները չէին կարողանում իրական վտանգավոր պահ ստեղծել Ռոման Վայդենֆեյլերի պաշտպանած դարպասի մոտ: «Բորուսիան» գնալով ավելի վստահ էր գործում եւ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն դորտմունդցիները նույնպես վրիպում էին անհավատալի դիրքերից: 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման առաջ մղեց «Ռեալին»: Այս գոլից հետո մադրիդցիները դարձյալ ակտիվացան, իսկ 5 րոպե անց նաեւ կրկնապատկեցին առավելությունը: Սերխիո Ռամոսի խփած գոլը խաղի գերլարված վերջնամաս պարգեւեց երկրպագուներին, բայց Մոուրինյոյի թիմն այլեւս ժամանակ չուներ ավելին անելու համար: Խաղի գլխավոր մրցավար Հովարդ Ուեբի եզրափակիչ սուլիչն արձանագրեց 2:0 հաշիվը, որը Յուրգեն Կլոպի թիմին եզրափակիչի ուղեգիր պարգեւեց: Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Ռեալ» - «Բորուսիա»` 2:0 (առաջին հանդիպում՝ 1:4) Կարիմ Բենզեմա, 83, Սերխիո Ռամոս, 88 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |