20:37 «Բորուսիա»-«Բավարիա». Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ | |
Մայիսի 25-ին կկայանա տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Մի երեկոյով Լոնդոնը կդառնա գերմանական քաղաք: Եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանի գլխավոր հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Եզրափակչում կմրցեն երկու գերմանական ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: «Բորուսիան» այս տարի իրեն հրաշալի դրսևորեց: Կլոպի սաները կարողացան հիանալի խաղ ցուցադրելով 1-ին տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ՝ պայքարելով ամենաուժեղ խմբերից մեկում: «Շախտյորի» և «Յուվենթուսի» հետ հանդիպումներում «Բորուսիան» առանց լուրջ խնդիրների հաղթանակ տարավ: Սակայն քառորդ եզրափակչում սկսվեցին խնդիրները: «Մալագայի» դեմ հանդիպումը ծանր ստացվեց: Իսպանացիները կարողացան «տանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղալ, իսկ հյուրընկալվելիս մինչև հանդիպման վերջին րոպեները հաղթել 2:0 հաշվով: Սակայն գերմանական կամքը փայլեց: Դորտմունդցիները 82-րդ րոպեին կարողացան բեկել խաղի ընթացքը՝ 3 գնդակ ուղարկելով «Մալագայի» դարպասը: Այդպիսի դրամատիկ հանդիպումից հետո «Բորուսիան» զարմանալի հեշտությամբ կիսաեզրափակիչ 1-ին հանդիպմանը հաղթեց Մադրիդի «Ռեալին» 4:1 հաշվով, չնայած որ պատասխան հանդիպմանը պարտվեց 0:2 հաշվով: Սակայն պարտությունը դորտմունդցիներին չխանգարեց դառնալ եզրափակչի առաջին մասնակիցը: «Բավարիան» այս դիմակայության ֆավորիտն է: Հայնկեսի սաների՝ կիսաեզրափակիչ տանող ուղին այդքան էլ ծանր չէր: Խմբից 1-ին տեղով դուրս գալուց հետո՝ փլեյ-օֆֆում մյունխենցիների համար քիչ թե շատ ծանր հանդիպումը 1/16 եզրափակչի՝ «Արսենալի» հետ Լոնդոնում կայացած հանդիպումներն էր, որտեղ գերմանացիները կրեցին իրենց միակ պարտությունը փլեյ-օֆֆ փուլում՝ զիջելով մրցակցին 1:3 հաշվով: Սակայն սեփական հարկի տակ մյունխենցիները ռևանշի հասան՝ հաղթելով 2:0 հաշվով: ¼ եզրափակչում «Բավարիայի» մրցակիցը «Յուվենթուսն» էր, որին և՛ «տանը», և՛ հյուրընկալվելիս մյունխենցիները հաղթեցին նույն 2:0 հաշվով: Իսկ ահա կիսաեզրափակչում գրանցվեց իսկական ջախջախիչ հաշիվ՝ երկու հանդիպումների արդյունքում 7:0: Եթե ինձ մրցաշրջանի մեկնարկում ինչ-որ մեկը ասեր, որ «Բարսելոնան» կարող է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում պարտվել 0:4 կամ 0:3 հաշվով՝ չէի հավատա: Բայց փաստը մնում է փաստ՝ «Բավարիան», ջախջախելով «Բարսելոնային», դուրս եկավ եզրափակիչ: Զարմանալի է, բայց եզրափակչից առաջ թիմերից և ոչ մեկը չունի որակազրկված ֆուտբոլիստներ: Միակ վնասվածքը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոցեի՝ «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը ստացած վնասվածքն է: Վերջինս չի մասնակցի եզրափակչին: Ափսոս, հետաքրքիր ինտրիգ էր քանզի մյուս մրցաշրջանից Գյոցեն հանդես է գալու «Բավարիայի» կազմում: Հանդիպումը սպասարկելու է իտալական մրցավարական բրիգադ: Գլխավոր մրցավարն է Նիկոլա Ռիցոլին: Սա նրա կարիերայի առաջին այս մակարդակի հանդիպումն է: William Hill բուքմեյքերական ընկերությունը եզրափակչում հավատում է «Բավարիայի» հաղթանակին՝ գնահատելով այն 1.80 գործակից, «Բորուսիայի» հաղթանակը՝ 4.20 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 3.50 միավորով: Վիճակագրություն Սա 1-ին գերմանական և 4-րդ մոնո-ազգային եզրափակիչն է Չեմպիոնների լիգայում՝ իսպանական (2000), իտալական (2003) և անգլիական (2008) եզրափակիչներից հետո: «Ուեմբլին» 7-րդ անգամ կընդունի Եվրոպական չեմպիոնների գավաթի/ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպում: Նախորդ 6 անգամները եզրափակչում գերմանական թիմեր չկային: Հաղթանակի դեպքում «Բավարիան» կնվաճի 5-րդ Չեմպիոնների գավաթը և այդ ցուցանիշով կհավասարվի «Լիվերպուլին»՝ կիսելով 3-րդ հորիզոնականը: Եթե մյունխենցիները այս տարի էլ պարտվեն, ապա դա կլինի իրենց 6-րդ՝ ռեկորդային, պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում: 2007-2008 մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթել է կա՛մ «Բարսելոնան», կա՛մ այն թիմը, որը հաղթել է «Բարսելոնային» կիսաեզրափակչում: «Բավարիայի» համար այս եզրափակիչը կլինի հոբելյանական 10-րդը Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Պատմության մեջ միայն մեկ անգամ էին երկու գերմանական ակումբ հասել եվրագավաթների եզրափակիչ: Դա տեղի էր ունեցել 1980 թ-ին, երբ Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» երկու հանդիպումների արդյունքում առավելության հասավ Մենխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (1:0, 2:3): Ի դեպ՝ Մենխենգլադբախի «Բորուսիան» գլխավորում էր այժմյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուփ Հայնկեսը: «Բավարիան» պարտվել է 4 եզրափակիչներից 3-ում, իսկ «Բորուսիան» հաղթել է միակը: Եթե «Բավարիան» ևս մեկ անգամ պարտվի, ապա առաջատարը կդառնա պարտությունների թվով: Հիմա երեքական պարտություն ունեն «Բավարիան», «Միլանը» և «Յուվենթուսը»: Վերջին 8 մրցաշրջանների ընթացքում, այս մեկը ներառյալ, պարտվում են կա՛մ անգլիացիները, կա՛մ գերմանացիները: Մրցակիցների՝ չեմպիոնների լիգայի խաղարկության միակ հանդիպմանը՝ 1997/98 մրցաշրջանի խաղարկության ¼ եզրափակչում «Բորուսիան» առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ՝ ավելացված ժամանակում խփելով հաղթական գնդակը: «Բավարիան» այս մրցաշրջանի ընթացքում Չեմպիոնների լիգայի խաղարկությանը 29 անգամ է խոցել մրցակցի դարպասը 29 անգամ, իսկ «Բորուսիան»՝ 23 Հավանական մեկնարկային կազմերը «Բորուսիա »՝ Վայդենֆելեր; Պիշչեկ, Հյումելս, Սուբոտիչ, Շմելցեր; Բենդեր, Գյունդողան, Քելլ; Բլաշիկովսկի, Ռոյս; Լևանդովսկի: «Բավարիա»՝ Նոյեր; Լամ, Բոատենգ, Դանտե, Ալաբա; Մարտինես, Շվայնշտայգեր; Ռոբբեն, Մյուլլեր, Ռիբերի; Մանջուկիչ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |